Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց մեկ տարով
Բացառություն կկազմեն թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող եւ հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը:
Առողջապահության նախարարությունում հիմնավորել են, որ հակավարակային՝ անտիբիոտիկ դեղեր բաց թողնելը պետք է շարունակել իրականացնել դեղատոմսով, քանի որ դրանց նկատմամբ զարգացող կայունության հետեւանքները լուրջ մարտահրավեր են առողջապահության համակարգի համար:
«Մինչդեռ հայտնի է, որ դեղակայուն ձեւերի առաջացմանը, տարածմանը եւ պահպանմանը նպաստում է հակամանրէային դեղերի չհիմնավորված եւ ոչ ռացիոնալ կիրառումը, այդ թվում ինքնաբուժման նպատակով: Ստեղծված իրավիճակն առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացման պատճառ է դառնում, այսինքն՝ երբ հիվանդները չեն բուժվում առաջին ընտրության դեղերով, անհրաժեշտություն է առաջանում կիրառել առավել նոր սերնդի, թանկարժեք հակաբիոտիկներ, պահանջվում է ավելի երկարատեւ բուժում մեծամասամբ հիվանդանոցային պայմաններում, որոնք եւ ենթադրում են ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացում»,- հայտնել են նախարարությունում:
Որոշումն ուժի մեջ մտնելուց եւ կիրառվելուց հետո մինչեւ 2019թ. ավարտը կամփոփվի որոշման կիրառման պրակտիկան, կվերլուծվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, չարաշահումները, իսկ արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:
Նախարարությանն ավելի վաղ այսպիսի առաջարկով դիմել էին նաեւ մասնագիտական տարբեր միություններ եւ պացիենտներ: