Մնացականյանը կոչ է արել կանխել ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը
Այս մասին նախարարը հայտարարել է Երեւանում՝ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը:
«Որոշ անդամ պետություններ կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու եւ քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլեւ կազմակերպության առանցքային հիմքերի վրա»,- ասել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ «նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը»։
«Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։
Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ եւ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարեւոր պայմաններ են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խթանման համար»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը: