ՀԲ-ն գոհ է Հիդրոմետ ծառայության վերազինման արդյունքներից
ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են ՀԲ աջակցությամբ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանական եւ Սեյսմիկ պաշտպանության ծառայություններում իրականացված աշխատանքները:
ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում ՀԲ փորձագիտական խմբի ներկայացրած ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացվում է տեխնիկական ծառայության վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն բարելավվել է Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հիդրոմետ ծառայության դերակատարումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում չափազանց կարեւոր է, քանի որ ճիշտ կանխատեսումները ապահովում են գյուղատնտեսության ոլորտի անխափան ֆունկցիոնալությունը:
Մշակվել են նաեւ հանրապետության «Սեյսմիկ վտանգի» եւ «Սեյսմիկ գոտիավորման» քարտեզներ, որոնցում ներառված է երկրի յուրաքանչյուր համայնքի սեյսմիկ վտանգի մանրամասն նկարագիրը: Քարտեզները հնարավորություն կտան թարմացնելու կառուցապատման նորմերը եւ ցանկացած վայրում կառուցապատում իրականացնելիս հստակ հաշվարկել սեյսմիկ ռիսկերը:
ՀԲ պատվիրակությունը գոհունակություն է հայտնել իրականացված համատեղ աշխատանքների արդյունքների վերաբերյալ: