Տոնոյանն ու Պուչկովը քննարկել են աղետների համատեղ դիմակայումը
ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաեւ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:
Մասնավորապես, քննարկվել են տեխնիկական աջակցության եւ վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ եւ հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը շեշտել է աղետներին համատեղ դիմակայելու եւ արձագանքելու կարեւորությունը:
ՀՀ ԱԻ նախարարը Վլադիմիր Պուչկովին հրավիրել է դեկտեմբերի 5-7-ը մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրով միջոցառումներին:
Վլադիմիր Պուչկովն էլ պատասխան հրավերով Դավիթ Տոնոյանին առաջարկել է մասնակցել «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները: