Հայաստանն ու Բուլղարիան ամրապնդում են «կենդանի կամուրջը»
«Ես վերահաստատեցի իմ հրավերը Ռումեն Ռադեւին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, եւ իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա»,- ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնմանը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջընթաց կարձանագրվի նաեւ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։
Ռումեն Ռադեւն էլ արդյունավետ է գնահատել հանդիպումները տնտեսական ոլորտում:
«Փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, եւ որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգաս քաղաքում անցկացնելու մեծ գործարար համաժողով: Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջեւ, որը մեծ առաջընթաց է»,- ասել է Ռումեն Ռադեւը:
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն ակնկալում են ավելի սերտ եւ արդյունավետ համագործակցություն:
«Հայկական համայնքը Բուլղարիայում ոչ միայն պահպանել է իր ազգային ինքնությունը, այլեւ բավականին լավ եւ արդյունավետ կերպով ինտեգրված է Բուլղարիայի հանրությանը, ներկայացված է մշակութային եւ գիտական կյանքում: Դա կենդանի կամուրջ է մեր երկու պետությունների միջեւ, որը մենք պետք է ամրացնենք»,- ասել է Բուլղարիայի նախագահը:
Կողմերը համաձայնագրեր են ստորագրել աշխատանքային միգրացիայի, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի, գաղտնի տեղեկությունների պաշտպանության ոլորտներում: