Հրատարակվել է Հայոց ցեղասպանության անգլալեզու ատլասը
Ատլասը կազմվել է «Բաբկեն Հարությունյանի անվան պատմական աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիայի», իսկ Օսմաներենի դասագիրքը՝ «Հայ-օսմանական առնչությունների բաժնի» կողմից:
«Ատլասի հրատարակումը ինքնանպատակ չի եղել եւ այն եզակի է իր բնույթով: Մեր գլխավոր նպատակը կայանում էր նրանում, որպեսզի այս կերպ կարողանանք հնարավորություն տալ օտարազգի հետազոտողներին, տարբեր պաշտոնական ատյաններին եւ, առհասարակ, Հայոց ցեղասպանության խնդրով հետաքրքրվողներին հանգամանալից ուսումնասիրել թեման: Մենք նախատեսում ենք նաեւ հետագայում ատլասը թարգմանել այլ օտար լեզուներով»,- նշել է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Ատլասում ներկայացված են՝ հայ-թուրքական պատերազմ, համիդյան կոտորածներ, արեւելահայերի կոտորածներ եւ մայիսյան հաղթանակներ, Բաքվի հայերի կոտորած, մշակութային եղեռն, Սփյուռքի ձեւավորում եւ այլն: Ատլասում ներառված են նաեւ պայմանագրեր, փաստաթղթեր եւ նկարներ: Զուգահեռաբար ներկայացվում է նաեւ հայերի դերը Օսմանյան կայսրությունում եւ Ռուսական կայսրությունում: Ատլասի վերջին հատվածում անդրադարձ կա նաեւ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:
Անդրադառնալով Օսմաներենի դասագրքին՝ Մհեր Հովհաննիսյանը խիստ կարեւորել է օսմաներենի դասավանդումը:
«Այդ լեզվով գրվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վերաբերվել են Հայոց ցեղասպանության խնդրին եւ մենք նպատակ ունենք հետագա ուսումնասիրությունների համար պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան օսմաներեն լեզվով կատարել խորը եւ համապարփակ փաստաթղթային ուսումնասիրություններ»,- ասել է նա:
Պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանն էլ ընդգծել է, որ մինչ այժմ օսմաներեն լեզվի դասավանդման համար օգտագործվել էն արտասահմանյան տարբեր բուհերի կողմից տպագրված դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները:
Դասագիրքն արդեն լայն հետաքրքրություն է առաջացրել Հունաստանի եւ Թուրքիայի օսմանագետների շրջանում: Արդեն կա մեկ գրախոսություն Թուրքիայի Ստամբուլի համալսարանի գլխավոր օսմանագետի կողմից, որը շուտով կհրատարակվի Ստամբուլի համալսարանի թերթում: