Անկարան եւ Բաքուն հուսալի գործընկերներ չեն, ասել է Նալբանդյանը
Նալբանդյանն այդ մասին ասել է հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:
Մեկնաբանելով վերջերս Աթենք կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահի խոսքերը Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին, նախարարն ասել է.
«Չէի ցանկանա մեկնաբանել որեւէ կոնկրետ պայմանագիր կամ կոնկրետ հայտարարություն: Այնուամենայնիվ, ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում: Մենք կարող ենք հեշտությամբ հիշել այլ օրինակներ, երբ Թուրքիան չի հարգել համաձայնագրերի տակ դրված իր ստորագրությունը: Ի թիվս այլոց, կարող ենք հիշել Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ուղղված էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»:
Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության մասին, ասելով, որ այն «պայմանավորված է Ադրբեջանի անզիջողական եւ առավելապաշտական դիրքորոշմամբ»:
«Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ պայմանավորվածություններից, եւ դա հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմ վստահելիությունը», - ասել է ԱԳՆ ղեկավարը: