Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդարան եւ «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:
Գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո նախագահը դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած երկու տասնյակ խաչքարեր։
Այնուհետ նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում բացված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Վերջինում ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ եւ հուշամեդալներ, եզակի գտածոներ, հայ նշանավոր նկարիչների կտավներ։