ԵԽ-ն եւ ԵՄ-ն կշարունակեն բարեփոխումների ծրագրերը Հայաստանում
«Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի բարեփոխումներին՝ հատկապես ընտրական, դատաիրավական եւ կրթական ոլորտներում։
Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշել է, որ ծրագրի իրականացման համար 2015-2017 թթ. Հայաստանին հատկացվել է €2,4 մլն։
«Ծրագրի իրականացման համար մեծ ուշադրություն է դարձվել երկրի ընտրական գործընթացների բարելավմանը, անպատժելիության դեմ պայքարին, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին»,- ասել է նա:
Նատալյա Վուտովան ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է շարունակել իր աջակցությունը Հայաստանին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ նշել է, որ ԵՄ-ն եւս շարունակելու է օժանդակել Հայաստանին՝ բարելավելու պետական կառավարումը եւ ամրապնդելու մարդու իրավունքները։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանն էլ ասել է, որ «կատարված աշխատանքի արդյունքները շոշափելի են»։
Նա ընդգծել է՝ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են շարունակել համագործակցությունը՝ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։