Դանիայի հավաքականը վաղը փորձելու է հաղթել Հայաստանին
«Մենք կարողացանք հաղթել խմբի առաջատարին եւ այժմ լավ հնարավորություն ունենք հաղթահարել խմբային փուլն ու դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Տղաները լավ վիճակում են, այսօրվա մարզումից հետո կորոշեմ հայերի դեմ հանդես եկող կազմը: Կարեւոր է, որ իմ տղաները հոգեբանորեն ճիշտ մոտենան վաղվա խաղին, մոռանան լեհերի դեմ հաղթանակն ու գործեն ամբողջ ուժով»,- ասել է մարզիչը:
Հայաստանի ու Դանիայի հավաքականները ընտրական փուլերում հաճախ են հանդիպում միմյանց, եւ Հարեյդեն նշել է, որ վերջին խաղում իրենք առավելություն են ունեցել. «Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես գրագետ են գործում: Կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին, որը լավ էր խաղում ինչպես Գերմանիայի, այնպես էլ Անգլիայի առաջնությունում»:
Ասուլիսին ներկա է եղել նաեւ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Դիլեյնին, նա նշել է, որ Հայաստանի դեմ խաղում պետք է ուշադիր լինեն բոլորի նկատմամբ:
«Եթե ճիշտ աշխատենք, ապա վաղը կկարողանանք կատարել մեր առջեւ դրված խնդիրը: Դանիայի ընտրանուն դժվար են տրվում արեւելյալ կամ հարավային Եվրոպայի թիմերի դեմ խաղերը, բայց վաղը ձգտելու ենք հաղթանակի հասնել: Երեք միավորն անչափ կարեւոր է մեզ համար»,- ասել է նա:
Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Հանդիպման սկիզբը 20:00-ին է: