Պետրոսյան. Մնացած բոլոր խաղերում էլ ձգտելու ենք հաղթանակի
Արթուր Պետրոսյան
Դանիայի դեմ խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու համար:
Տարոն Ոսկանյանի կորուստը մեծ հարված է մեզ համար, մանավանդ, որ Հրայր Մկոյանը բացակայում է, պաշտպանների պակաս ունենք, բայց կփորձենք ելքը գտնել:
Գրիգոր Մելիքսեթյանը բարձր մակարդակի խաղ անցկացրեց Ռումինիայի դեմ, ուրախ եմ նրա համար, հուսով եմ կշարունակի նման կերպ հանդես գալ:
Տիգրան Բարսեղյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց, իսկ Սարգիս Ադամյանն իր թիմում այդ դիրքում չի խաղում, 20 րոպե նա մեծ նվիրվածությամբ աշխատեց:
Հենրիխ Մխիթարյանը շատ լավ խաղ ցուցադրեց, ահռելի գործ կատարեց, դաշտում ամենաշատը նա է աշխատել, բոլոր վիճակագրական տվյալները դա են ցույց տալիս:
Նրանից ամեն խաղում 3 գոլային փոխանցում ու 2 գոլ ենք սպասում, բայց սա թիմային խաղ է: Հենրիխը պետք է թիմին օգնի, թիմն էլ՝ նրան: Երկրպագուների սպասելիքները նրանից միշտ էլ շատ են:
Անատոլի Այվազովի համար հավաքականի դարպասները, բնականաբար, չեն փակվելու, ես ինձ թույլ չեմ տա նման արտահայտություններ անել, որովհետեւ մարզիչ եմ ու աշխատելու եմ բոլոր այն խաղացողների հետ, որոնք պատրաստ են:
Մնացած բոլոր խաղերում էլ դուրս ենք գալու ու ձգտելու հաղթանակի: Մի քիչ հիասթափություն կա անհաջողություններից հետո, բայց Դանիան Հայաստանում հեշտ խաղ չի ունեցել: Մեծ հույսեր ունեմ ու սպասում եմ, որ լավ խաղ ցույց կտանք:
Իմ պայմանագիրը մինչեւ հոկտեմբեր է, դեռ ժամանակ ունեմ հետագա անելիքների մասին մտածել ու Ռուբեն Հայրապետյանի հետ ապագան քննարկելու:
Արտակ Եդիգարյան
Փորձելու ենք այնպես անել, որ շատ լավ հանդիպում անցկացնենք Ռումինիայից կրած պարտությունից հետո ու հասցնենք վերականգնվել:
Ցավալի պարտություն կրեցինք, բայց տրամադրությունը թիմում շատ լավ է, ամեն ինչ անցյալում է արդեն, փորձելու ենք լավ մոտենալ վաղվա հանդիպմանն ու ուրախացնել երկրպագուներին: