Լեւոն Ջուլֆալակյան. 2 ոսկե մեդալը գերազանց արդյունք է
Օլիմպիական խաղերում փայլուն ելույթից հետո հունահռոմեական ոճի ընտրանին Փարիզում կարողացավ կրկնել նաեւ 2014-ի Տաշքենդի ԱԱ-ի հաջողությունն ու 2 ոսկե մեդալ նվաճել:
Ըմբիշներն արդեն ժամանել են Երեւան, ու թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գնահատել է իր սաների արդյունքները:
Երկու ոսկե մեդալը գերազանց արդյունք է: Բոլորն էլ լավ են ելույթ ունեցել, թերություններ, իհարկե, եղել են, բայց դրանք հետո կքննարկենք: Մրցակիցները մեր դեմ զգոն ու ուշադիր են գոտեմարտում, տարիների ընթացքում հասցրել են ճանաչել մեզ:
Մաքսիմ Մանուկյանը փոխել է քաշային կարգը, 85-ի փոխարեն 80-ում հանդես եկավ: Նախկինում դիմացկությունը չէր հերիքում հաջողության հասնել: Բայց համոզված էի, որ ավելի թեթեւ քաշային կարգում կկարողանա հաղթանակի հասնել: Սպասումները մեծ էին Մաքսիմից ու նա դրանք արդարացրեց:
Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում լավագույնն է, հուսանք, հետագայում էլ նա կշարունակի հաղթական ելույթներ ունենալ: