Երեւանը բարձր մակարդակի վրա կպահի ԵԱՀԿ-ի հետ աշխատանքը
«Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին եւ պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման»,- ասել է փոխնախարարը ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին նվիրված ընդունելությանը:
Անդրադառնալով գրասենյակի փակման պատճառներին՝ Աշոտ Հովակիմյանն ասել է, որ «հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով»:
«Ադրբեջանը Բաքում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետեւողական քաղաքականություն»,- ասել է ԱԳ ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Երեւանի գրասենյակը մարմնավորում էր ԵԱՀԿ այն մոդելը, որը Հայաստանը ցանկանում է տեսնել:
«ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձեւավորում էր համագործակցության հարթակ եւ այդ հարթակում ներգրավում էր Երեւանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներին եւ հավատարմագրված դեսպանություններին: Լիահույս եմ, որ Հայաստանից ձեզ հետ տանելու եք նոր փորձառություն, գիտելիքներ, բայց ամենակարեւորը՝ գիտակցում, որ ձեր կյանքի ինչ որ փուլում դուք օգտակար եք եղել Հայաստանին եւ նրա ժողովրդին ու ձեր իսկ աշխատանքով դարձել եք նրա մի մասը»,- ասել է Աշոտ Հովակիմյանը: