Հայաստանին կտրամադրվի Macron ընկերության մարզահագուստ
Ընկերությունը Kit Assistance Scheme ծրագրի շրջանակներում փոքր ֆեդերացիաների հավաքականներին տրամադրելու է մարզահագուստ:
Եվրոպական 8 թիմերի շարքում է նաեւ Հայաստանի հավաքականը: Հագուստ կստանան նաեւ Անդորրան, Բելառուսը, Կիպրոսը, Ֆարերյան Կղզիները, Լիխտեյնշտեյնը, Լյուքսեմբուրգը եւ Սան Մարինոն:
Ֆեդերացիաների ներկայացուցիչները հանդիպել են ընկերության աշխատակիցների հետ եւ քննարկել դիզայնը: Հայաստանի պատվիրակը եղել է ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Macron-ի հետ պայմանագիրը նախատեսված է 2018-2020 եւ 2020-2022 թվականների մրցաշրջանների համար: Այդ մարզահագուստով հանդես են գալու նաեւ մինչեւ 21 տարեկանների հավաքականները: Դրանք ֆեդերացիաներին տրամադրվելու են 2018 թվականի ապրիլին:
Նշենք, որ մինչ այս ՈւԵՖԱ-ն համագործակցում էր Adidas-ի հետ, սակայն այդ ընկերությունը նշված հավաքականներին տրամադրել է միանման հագուստ, ինչից հետո էլ պայմանագրերը չեղարկվել են: Macron-ում վստահեցրել են, որ յուրաքանչյուր հավաքական խաղադաշտ դուրս կգա տարբեր դիզայներական լուծումներ ունեցող շապիկներով: