Քեմբրիջում բարձր են գնահատում «Արարատյան բակալավրիատը»
Այս մասին Դեն Բռեյն ասել է Երեւանում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի հետ հանդիպմանը:
«Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրենն ընդգծել է, որ Արարատյան բակալավրիատի քննական համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին:
«Այս համատեքստում կարեւորվում է քննությունների անցկացման հավաստիությունը, վստահելիությունը եւ արդարությունը: Քեմբրիջի համալսարանին հարյուր հիսուն տարի է պահանջվել՝ քննությունների գնահատման համապատասխան համակարգ ստեղծելու համար. Արարատյան բակալավրիատին հաջողվել է Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ մեկ տարում հասնել բարձր որակի: Այս ծրագրի շրջանակում գնահատական ստանալը նույնքան բարդ է, որքան միջազգային այլ բարձրորակ քննական որակավորումներում»,- նշել է Դեն Բռեյը:
Նա հավելել է, որ կրթական բարեփոխումների իրականացման ժամկետները պետք է համադրելի լինեն դրանց որակի հետ:
Դավիթ Սահակյանն էլ ընդգծել է, որ Արարատյան բակալավրիատը ներդնելով որպես Գերազանցության ծրագիր՝ պետությունը նպատակ է հետապնդում այն տարածել եւ հասանելի դարձնել բոլոր հայ դպրոցականներին:
Արարատյան բակալավրիատ ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԳՆ-ն եւ «Այբ» կրթական հիմնադրամը` համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ:
«Արարատյան բակալավրիատ»-ի շուրջ Մեդիամաքսի զրույցը Դավիթ Սահակյանի հետ կարող եք կարդալ այստեղ: