Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով
Ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային...
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 116 կողմ ձայնով ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագիծը վերաբերում է միայն կառավարության սահմանած մասնագիտություններին․ «Ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը»։
Նախատեսվում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: