Մեկնարկել է «Լավագույն կին գործարար» 2017թ. մրցույթը
Մեկնարկել է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2017թ. մրցանակաբաշխությունը:
Այն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը` ի դեմս Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի:
Ինչպես նշել են ՓՄՁ ԶԱԿ-ում, մրցույթի նպատակն է խրախուսել տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեությունն ու նախաձեռնողականությունը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել, հանրահռչակել եւ սատարել տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները:
Մրցույթն իրականացվում է հետեւյալ անվանակարգերում`
- «Լավագույն կին գործատու»,
- «Լավագույն կին նորարար»,
- «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»,
- «Լավագույն երիտասարդ կին գործարար»,
- «Լավագույն սկսնակ կին գործարար»,
- «Լավագույն արտահանող կին գործարար»:
Յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ, իսկ յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երեւանի եւ մարզերի համար:
Հաղթողների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հրամանով:
Մրցույթի մասին հայտարարությունն ու յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձեւերը կարելի է ներբեռնել այստեղից:
Լրացված հայտաձեւերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց` skhachatryan@smednc.am էլեկտրոնային հասցեով մինչեւ մարտի 6-ը` ժամը 12:00-ը: