ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է օնլայն գնումների 3D-Secure համակարգը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ծառայություն` պաշտպանված անվտանգության 3D-Secure համակարգով:
Ինչպես հայտնել են բանկում, համակարգը հնարավորություն է տալիս գնման պահին նույնականացնել քարտապանին մեկանգամյա օգտագործման գաղտնագրի մուտքագրման միջոցով, որը բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության տեսքով` հենց գնման պահին:
3D-Secure ծառայությունը, ըստ բանկի, քարտապանին տալիս է հետեւյալ առավելությունները՝
- Անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառն ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին` SMS հաղորդագրության միջոցով) եւ վավեր է միայն մեկ գնման համար,
- Պարզություն եւ հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային ստացված վեցանիշ թիվը:
«3D-Secure համակարգի կիրառմամբ ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել 3D-Secure հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանի նույնականացման: Անգամ այդ դեպքում բանկի VISA քարտապաններն ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանակությունը հավասարեցնում է զրոյի»,- ասված է հաղորդագրությունում: