Տեքստիլ արտահանողները պետական աջակցություն կստանան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծի երկրորդ փուլի ծրագիրը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ նախագծի երկրորդ փուլի նպատակն է բարելավել ու պահպանել տեքստիլի եւ հագուստի, կոշիկի/կաշվե իրերի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների մասնաբաժինը տեղական շուկայում եւ օգտվել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման արդյունքում ստեղծված հնարավորություններից:
Ծրագիրը տեխնիկական աջակցություն կտրամադրի 4 մոդուլի միջոցով՝
- Տեքստիլ հայկական հագուստ եւ տեքստիլ արտադրողների համար արտահանման տարածաշրջանային (ԵԱՏՄ) շուկաների ստեղծում՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով,
- ՓՄՁ-ների համար ցանցային կապերի ստեղծում՝ հավաքական ուժերով արդյունավետության հասնելու եւ շուկայի հասանելիություն ձեռք բերելու համար,
- Ընտրված ՓՄՁ ցանցերի արդյունաբերական արդիականացման խթանում եւ ձեռնարկությունների մրցունակության բարելավում,
- Ազգային տեխնիկական կարողությունների ստեղծում՝ բիզնեսի զարգացմանն ուղղված վերոնշյալ գործողություններն իրականացնելու համար: