Հռոմի Պապի այցի օրերին «Սանիթեք»-ը կաշխատի հատուկ ռեժիմով
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակում Երեւանում կայանալիք միջոցառումներին ընդառաջ՝ հունիսի 24-27-ը, «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով:
Մասնավորապես, ընկերությունը լրացուցիչ ներգրավվելու է 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման եւ աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նրանցից 117-ը հերթափոխով աշխատելու են նաեւ գիշերվա ընթացքում:
««Սանիթեք»-ի աշխատակիցներն օպերատիվ կերպով աշխատելու են նաեւ Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու եւ հրապարակը մաքրելու համար»,- նշել են ընկերությունում՝ հավելելով, որ Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում: