Երկարացվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շուրջ քննարկումների ժամկետը
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երկու ամսով երկարաձգելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկումը՝ Կառավարությունը հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակությանը ներկայացնել իրենց առաջարկները։
Մինչ տեղեկատվության ազատության ոլորտի մասնագետները կներկայացնեն դրանք, փոխնախարար Քրմոյանը նշում է, որ նախատեսում են ընդլայնել քաղաքացուն տեղեկություն տալու պարտավորություն ունեցող գերատեսչությունների ցանկը․ - «Տեղեկատվություն տնօրինողների շարքում մենք լրացրել ենք նաև պետական կազմակերպությունները, որովհետև պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները դուրս էին մնացել օրենքի կարգավորման դաշտից: Երկրորդը, համայնքային հիմնարկները և կազմակերպությունները․ տեսեք, շատ քննարկվում են համայնքային ենթակայության դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարման, կոմունալ տնտեսության կառույցներ: Մենք, որպես տեղեկատվություն տնօրինող և ըստ այդմ օրենքի կարգավորման դաշտ ենք բերել նաև պետական կազմակերպություններին և համայնքային հիմնարկներին»:
Փոխնախարարի պնդմամբ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագծում լուրջ բարեփոխումներ են նախատեսել։
Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ նախագիծը չի լուծում օրենքի բացերը:
Անցած տարիների ընթացքում պետական կառույցներին դատարաններում հաղթած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանն ասում է, թե այս օրինագծով չլուծված է մնում քաղաքացու տեղեկատվության իրավունքը խախտած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը՝ անցած 13 տարիների ընթացքում դատարանները միայն նման 2 որոշում են կայացրել․ - «Մեզ համար կարևորը, ամենաառաջնահերթը պատասխանատվության մեխանիզմների ուժեղացումն է»:
Արդարադատության փոխնախարարը հավաստիացնում է, որ օրինագծով այս խնդիրը լուծում կստանա։ Քրմոյանը նաև հավելեց՝ նախատեսում են օնլայն համակարգի ներդրումը․ - «Մենք գաղափար ենք դրել, որ պետությունը կստեղծի էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացին կարող է մտնել և համացանցի միջոցով հարցում ուղարկել և հարցման պատասխանը ստանալ առանց ժամկետի ձգձգման: Եվ այդ հարթակը վերահսկելի կլինի նաև ժամկետների մասով»: