HRW-ը զեկույցով անդրադարձել է Հայաստանի մանկատներում հաշմանդամ երեխաների վիճակին
12-ամյա հաշմանդամ Մարի Մինասյանը ընկերների հետ հանրակրթական դպրոց է հաճախում, սակայն դժվարանում է օգտվել աստիճաններից, դպրոցում չի սնվում, զուգարանից ևս չի կարող օգտվել, քանի որ այն հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցողների համար։
Human rights watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցը հայաստանյան մանկատներում բնակվողների ու հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է։
«Երբ ես կկարողանամ տուն գնալ» վերնագրով զեկույցի հեղինակ Ջեյն Բյուքենոնի խոսքով՝ թեև Կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի շատ ավելի քիչ երեխաներ հայտնվեն մանկատանը, սակայն այս քայլերը բավարար չեն։
Հաշմանդամություն ունեցող երեխաները հավասար կրթությունից հաճախ զրկված են, նրանց հարազատ ընտանիք վերադարձնելու հնարավորությունները՝ քիչ․ - «Մենք հայտնաբերեցինք, որ շատ դպրոցներում խնդիրներ ունեցող երեխաները մյուսների հետ գալիս են դասի, նրանց թույլատրված է նույն դասասենյակում լինել, սակայն հաճախ նրանք հնարավորություն չունեն հավասար կրթություն ստանալու: Հաճախ դուրս են մնում ակադեմիական կրթության շրջանակներից: Պարզապես դպրոց գնալն ու դասասենյակում մնալը բավարար չէ, անհատական մոտեցում է պետք ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ բոլոր երեխաների նկատմամբ: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդհանրապես կրթություն չեն ստանում»:
Մանկատներում հայտնվելու հիմնական պատճառներից մեկն աղքատությունն է։ Զեկույցի հեղինակի կարծիքով, այն միջոցները որոնք մանկատներին են ուղղվում կարող են տրամադրվել հենց ընտանիքներին, որպեսզի երեխաները ծնողական խնամքից չզրկվեն։
Յունիսեֆի տվյալներով յուրաքանչյուր երեխայի համար տարեկան 3000-5000 դոլարին համարժեք դրամ է հատկացվում․ - «Հայաստանում և Հայաստանից դուրս արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ռեսուրսները, որոնք ուղղվում են հատուկ հաստատություններ՝ մանկատների անձնակազմը պահելու համար․ իրականում պետք է ուղղվեն ընտանիքներին, համայնքայի ծառայություններին, համայնքային կրթությանը: Հեռանկարային իմաստով սա շատ ավելի էժան է, քան մեծ հաստատություններ պահելը: Երեխայի իրավունքների պաշտպանության համար կարևոր է, որպեսզի այդ գումարը ծախսվի հենց նրա վրա»:
Զեկույցը պատրաստելու ընթացքում ուսումնասիրություններ են արվել հայաստանյան գրեթե բոլոր մանկատներում։
Human rights watch-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն, զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիայի խոսքով, թեման պատահական չի ընտրվել․ Հայաստանը մի գործընթաց է սկսել, որով պատրաստվում է մինչև 2020 թվականը փակել մանկատները։ Որոշ հատուկ դպրոցներ կփակվեն այս տարի․ - «Առաջինը Կառավարությունն էր, որ ցանկացավ հաստատություններից դուրս հանել երեխաներին: Նրանք հասկացան, որ երեխայի համար առաջնահերթությունը ընտանիքում մեծանալն է: Այդպես է ընդունված նաև միջազգային չափանիշներով: Քանի որ Կառավարությունը սկսեց այս ծրագիրը, մենք մտածեցինք, որ ժամանակն է, որպեսզի հետևենք մանկատներ փակելու, ներառական կրթությամբ դպրոցներ հիմնելու գործընթացին: Այս պարտավորությունները Կառավարությունն ինքնակամ է ստանձնել, և կարևոր է, որ դրանք ստանդարտներին համապատասխան արվեն»: