«Ժառանգությունը» հանդես է եկել իշխանափոխության մանիֆեստի առաջարկով
![«Ժառանգությունը» հանդես է եկել իշխանափոխության մանիֆեստի առաջարկով](https://gdb.rferl.org/93025447-03FC-4936-999E-975ECBA3AC0A_cx0_cy3_cw94_w800_h450.jpg)
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակել է «իշխանափոխության մանիֆեստի առաջարկ»: Կուսակցությունը նշում է, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որևէ դաշինքի հասնելու համար» անհրաժեշտ է քննարկել և համաձայնության գալ մոտ 9 դրույթների շուրջ, այդ թվում՝ ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, նոր սահմանադրության, ընտրական և կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունումը, ժողովրդավարական համակարգային բարեփոխումների իրականացումը:
Մանիֆեստում ներքին քաղաքականության ոլորտում քննարկման դրված դրույթներից է նաև «քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների» ազատ արձակումը, կառավարման տարբեր օղակներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը, հայրենադարձության և ներգաղթի քաղաքականության հռչակումը:
Արտաքին քաղաքական ոլորտի խնդիրներից հիշատակվում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որևէ զիջման բացառումը, բոլոր գերտերությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաձևակերպումը: