ՀՀ ԳԱԱ նախագահն ընտրվել է ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամ ընդհանուր ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությամբ:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ՌԳԱ անդամների ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 24-25-ը, հաղթողների ցանկը հաստատվել է հոկտեմբերի 28-ին ՌԳԱ ընդհանուր ժողովում:
Ընտրվել է ընդհանուր 62 արտասահմանյան անդամ, այդ թվում Նոբելյան մրցանակակիրներ՝ ֆիզիկոսներ Սերժ Արոշը (Ֆրանսիա), Մարտինուս Վելտմանը (ԱՄՆ), քիմիկոսներ Ռոջեր Կորնբերգը (ԱՄՆ), Ժան-Պիեռ Սովաժը (Ֆրանսիա), Դան Շեխտմանը (Իսրայել), տնտեսագետ Քենեթ Էրոուն (ԱՄՆ), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
ՌԳԱ արտասահմանյան անդամ են ընտրվել ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի նախագահ Մարսիա Մակնուտը և Ավստրիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Անտոն Ցայլինգերը, ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ նախատեսվում է Անտոն Ցայլինգերի պաշտոնական այցը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա: