ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Երևանում հանդես են եկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող համատեղ հայտարարությամբ, որում նշված է՝
«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները: