Վրաստանի ԱԳ նախարարը այցելում է Բաքու
Պաշտոնական առաջին այցով Ադրբեջանում է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին արդեն ընդունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ Ալիևը կարևորել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև համագործակցությունը: Նա ասել է, որ վրաց-ադրբեջանական համագործակցությունը ակտիվորեն շարունակվում է, և լավ հնարավորություններ կան քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով կապերի է՛լ ավելի զարգացման համար:
Մամեդյարովի հետ Ջանելիձեն նախ առանձնազրույց է ունեցել, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի վերաբերյալ, նշվել է, որ այդ երկաթուղին, «անցնելով տարածաշրջանով, ապահովում է Արևելքի կապը Արևմուտքի հետ»:
«Մեր հարաբերությունները Վրաստանի հետ ավելի բարձր մակարդակի վրա են, քան ռազմավարական գործընկերությունն է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: