Սլովակիայում ուղղաթիռ է կործանվել․ կա 8 զոհ
Սլովակիայի իշխանությունները հայտնում են, որ այս շաբաթվա սկզբին երկրի արևելքում ուկրաինական ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է զոհվել: Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնել է, որ ենթադրաբար նոյեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել է ուղղաթիռի ուկրաինացի օդաչուն և յոթ աֆղանցի, որոնցից երկուսը կանայք են, հինգը՝ տղամարդիկ:
«Մի-2» ուղղաթիռը եղանակային շատ վատ պայմաններում թռել է շատ ցածր բարձրությամբ՝ փորձելով խուսափել օդային հաղորդակցությունը վերահսկող համակարգերից», - ասել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իվան Մետիկը: Ավելի վաղ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե ուղղաթիռը հավանաբար օգտագործվել է մարդկային թրաֆիքինգ իրականացնողների կողմից միգրանտներին անօրինաբար տեղափոխելու համար: Ուղղաթիռը կործանվել է Սլովակիայի և Ուկրաինայի սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա: Մառախուղի պատճառով այն երկու օր ուշ էր հայտնաբերվել: