Օտարերկրացիները կկարողանան պայմանագրային հիմունքներով ծառայել Ուկրաինայի զինված ուժերում
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն Ռադայի կողմից մեկ ամիս առաջ ընդունված օրենքը, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով ծառայել Ուկրաինայի զինված ուժերում։
Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ նաև օրինագիծ է ընդունել՝ այդ անձանց Ուկրաինայի քաղաքացիության տրամադրման գործընթացը հեշտացնելու վերաբերյալ։
«Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են զինվորական ծառայություն անցնել Ուկրաինայի զինված ուժերում՝ պայմանագրային հիմունքներով որպես շարքային, սերժանտ և ավագ սերժանտ»,- ասվում է օրենքում։ Օրինագծի նպատակը, ըստ փաստաթղթին կից բացատրական հաղորդագրությունում, «Ուկրաինայի զինված ուժերի անվտանգության ամրապնդումն է և Ուկրաինայի մարդկային և ֆինանսական ծախսերի կրճատումը»։