Գերմանիայի ԱԳ նախարար․ «Քրդերի հետ հաշտեցման ձախողումը աղետ կդառնա Թուրքիայի համար»
«Քրդերի հետ հաշտեցման գործընթացի ընդհատումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Թուրքիայի համար»:
Այս մասին «Ռեյնիշե Փոսթ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքով, Մերձավոր արևելքում ծավալված հակամարտություններին զուգահեռ նաև քրդերի հետ հաշտեցման ձախողումը իսկական աղետ կդառնա ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար:
«Միայն բանակցությունների միջոցով է հնարավոր կանխել վերադարձը 90-ականանների կատաղի բախումներին»,- հավելել է Շտայնմայերը:
Անդրադառնալով թուրքական մամուլում հայտնված տեղեկություններին, ըստ որոնց, քրդամետ «Ժողովրդա- դեմոկրատական» կուսակցությունը կարող է օրենքից դուրս հայտարարվել, Գերմանիայի արտգործնախարարը նշել է․ «քրդերը քաղաքական լսելի ձայն ունեն Թուրքիայում: Իրավական և վարչական լծակների կիրառմամբ այդ ձայնի լռեցումը տեղին չի լինի»: