Պատրաստ են վերանայել ԼՂ կարգավիճակը «միայն Ադրբեջանի կազմում»
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են, և Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է»: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով, թե որպես փոխզիջում կարող են «վերանայել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում»:
«Ադրբեջանի դիրքորոշումը շատ կառուցողական է՝ զինծառայողները պետք է ետ քաշվեն, բռնի տեղահանվածները վերադառնան տուն, ճանապարհները բացվեն եւ հետո միայն վերականգնվեն հարաբերությունները: Բոլոր Ճանապարհների և հաղորդակցության ուղիների բացումը մեզ հնարավորություն կտա քայլ առ քայլ նորմալ հարաբերություններ կառուցել տարածաշրջանում: Բոլորը գիտեն, որ բանակցություններն ընթանում են հենց այդ հիմքի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարն ու հավելել, թե համանախագահներն ու ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:
«Մնում է միայն, որ Հայաստանն էլ դա ընդունի, ինչը վաղ թե ուշ տեղի է սունենալու, չեմ կասկածում»,- ԱՊԱ-ի փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը: