Քաղաքացու օրը ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի. Փաշինյան
Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Քաղաքացու օրը ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը։
«Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաև հանրային, համացանցային քննարկումների արդյունքում», - գրել է վարչապետը:
Կառավարության այսօրվա որոշմամբ, ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: