Մոսկվան և Անկարան համակարգելու են քայլերը Սիրիայից ԱՄՆ զորքի հեռանալուց հետո
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայից ամերիկյան զորքի նախատեսված հեռացումից հետո:
Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին թուրք պաշտոնյաներին այսօր հանդիպելուց հետո հայտնել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը:
«Բնականաբար, մենք հատուկ նշանակություն ենք տալիս նոր հանգամանքներին, որոնք բխում են Սիրիայից զորքը դուրս բերելու մասին ամերիկյան կողմի որոշումից»,- ասել է Լավրովը:
Թուրքիայի արտաքին գործոց նախարար Մևլուտ Չավուշօղլուն էլ, ըստ Անադոլու գործակալության, ասել է, որ Անկարան և Մոսկվան «հետապնդում են Սիրիայի տարածքն ահաբեկչական կազմակերպություններից ազատելու միացյալ նպատակը»:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Սիրիայի հարցում սերտորեն համագործակցելու է Ռուսաստանի և Իրանի հետ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրերս տեղեկացրել է, որ Վաշինգթոնն առաջիկայում դուրս է բերելու Սիրիայում տեղակայած մոտ 2 հազար զինծառայողներին:
Այդ անակնկալ որոշումը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության համար և անհագստացրել է Միացյալ Նահանգների դաշնակիցներին: