Ռոստոմյանը Օլիմպավանի միջադեպի առնչությամբ հարցաքննվել է որպես վկա
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ինքը ներկա չի գտնվել հուլիսի 2-ի երեկոյան Օլիմպավանում տեղի ունեցած միջադեպին և որևէ մանրամասն հայտնել այս պահին չի կարող։
Այս կերպ Ռոստոմյանը արձագանքեց «Ազատության» այն հարցին՝ թե ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունյանի և Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև։
Հուլիսի 2-ի երեկոյան Հարությունյանը «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով։ Ըստ տուժողի, նրան նախ հարվածել էր Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար, 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ։ Ոստիկանության նույն հաղորդմամբ ասվում էր նաև, որ միջադեպին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը։
Ռոստոմյանն այսօր թեև հայտարարեց, որ ներկա չի եղել դեպքին, բայց տեղեկացրեց, որ հարցաքննվել է որպես վկա․ - «Ես որպես վկա հարցաքննվել եմ, և այս պահի դրությամբ նախաքննությունը շարունակվում է: Ուստի նախաքննության գաղտնիությունը ապահովելու համար որևէ տեղեկություն չեմ կարող տրամադրել»:
Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավարին։ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։ Իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Բաբայանը կալանքից ազատ է արձակվել 20 միլիոն դրամ գրավի դիմաց։
Այս գործում ևս մեկ ուշագրավ փաստ կա․ միջադեպից հետո տուժողի կինը հայտարարել է, որ ամուսինը ոչ թե ծեծվել է, այլ ընդամենը սայթաքել ու ընկել է։ Ռոստոմյանից այսօր նաեւ հետաքրքվեցին, թե ինչպես է արձագանքում այս հայտարարությանը, քանի որ ավելի վաղ ոստիկանապետը տարակուսանք էր հայտնել, թե ինչպես կարելի է սայթաքել ու նման մարմնական վնասվածքներ ստանալ։
Ռոստոմյանի պատասխանը․ - «Գնացեք ոստիկանապետից էլ հարցրեք»:
Նախկինում Սպորտի ու երիտասարդության, իսկ հեղափոխությունից հետո՝ Արտակարգ իրավիճակների նախարարը, այսօր ափոփելով իր պաշտոնավարման 100 օրը, խոսեց նաև վերջերս գազալցակայաններում իրականացվող ստուգումներից։ Ըստ Ռոստոմյանի, Երևանում աշխատող գազալցակայանների մեծ մասում արձանագրվել էին թերություններ, ժամանակ էր տրվել դրանք վերացնելու համար, սակայն 12 տնտեսվարող չէին շտապել շտկել հրդեհային անվտանգության կանոնների խախտումներն ու ըստ այդմ կասեցվել էր նրանց գործունեությունը։