Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը ՆԱՏՕ֊ի երեք զինծառայող է սպանել
Աֆղանստանի արևելքում ինքնասպան ահաբեկիչը սպանել է ՆԱՏՕ֊ի «Վճռական աջակցություն» առաքելության երեք զինծառայողների։ Հետիոտն պարեկների դեմ ուղղված պայթյունից նաև վիրավորվել են մեկ ամերիկացի և երկու աֆղանստանցի զինծառայող։ ՆԱՏՕ֊ի զոհված զինծառայողների ազգային պատկանելությունը առայժմ չի հրապարակվում։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը։
Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելյան Փարվան շրջանի մայրաքաղաք Չարաքարից ոչ հեռու։
ՆԱՏՕ֊ն աֆղանստանում իր ռազմական առաքելությունը պաշտոնապես ավարտել է 2014 թվականին, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի հազարավոր զինծառայողներ մնում են այդ երկրում՝ աջակցություն տրամադրելով Աֆղանստանի ազգային բանակին և մասնակցելով հակաահաբեկչական առաքելությունների։