Առաջին կիսամյակում մոտ 9 տոկոս տնտեսական աճ է գրանցվել
Այս տարվա առաջին վեց ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8,9 տոկոս տնտեսական աճ, փաստում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն ընդգծում է՝ արձանագրված շուրջ 9 տոկոս տնտեսական աճը լավ ձեռքբերում է, սակայն ավելի կարևոր է դա տնտեսական զարգացման վերածելը:
«Եթե մենք փորձենք վերծանել հունվար-հունիսի վիճակագրությունը, կտեսնենք, որ մեծ հաշվով կան դրական սպասումներ: Այսինքն այն, որ ասում էին իշխանափոխությունը շատ վատ տնտեսական ազդեցություն կունենա, ակնհայտ է, որ այդպես չէ: Մեծ հաշվով ներդրողների և բիզնես միջավայրի առումով սա դրական արձագանք է: Բայց չենք կարող ասել, որ այս դրական արձագանքը ամեն առումով արդեն վերածվել է նյութական որոշակի բաների: Այն պատճառով, որ ժամանակ է պետք, որ որակական փոփոխություններ լինեն, ու սա նյութականացվի ու բերի տևական տնտեսական աճի»,- «Ազատությանն» ասաց Արտակ Մանուկյանը:
Տարվա առաջին կիսամյակն ամփոփող տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների, շինարարության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված ակտիվությամբ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն էլ՝ 2018-ի առաջին կիսամյակի ընթացքում օդային ճանապարհով Հայաստան եկած քաղաքացիների թիվը ավելի քան 20 հազարով ավելի է, քան երկիրը լքած անձանց թիվը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով Հայաստանից հեռացածների թիվը շուրջ 7500-ով ավելին է երկիր մուտք գործած քաղաքացիների թվից: