Փաշինյանն Անվտանգության խորհրդի առաջին նիստն անցկացրեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության ձևավորումից հետո Անվտանգության խորհրդի առաջին նիստն է անցկացրել։
«Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ասել է Փաշինյանը։
Խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈՒ-երի մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է նաև պաշտպանության նախարարությունում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին: