ՀՀ Նախագահ. Միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը սկզբունքային քաղաքականության արդյունք է
Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
«Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները և չստեղծել հավելյալ լարվածություններ», - հայտարարել է Սարգսյանը՝ անդրադառնալով անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը՝ ընդգծելով․ - «Այդ համբերատար և սկզբունքային քաղաքականության արդյունքն էր այն, որ մենք ընտրեցինք մասնակցությունը թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրն ենք, և 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը»:
«Նախորդող 10 տարիների ընթացքում մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Չնայած մեր բոլոր ջանքերին և բարի կամքի դրսևորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Մեր ջանքերը հետագայում վտանգի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով, որոնք շարունակվում են մինչ օրս և գագաթնակետին հասան 2014 թվականի օգոստոսին ու 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ», - նշել է նա՝ ցավով արձանագրելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրընբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով և և խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները: