Համալիրում նախագահի երդմնակալությանը լրագրողները կհետևեն Ազգային ժողովից
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը երկուշաբթի օրը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:
Սակայն լրագրողներն, այդ թվում՝ խորհրդարանում հավատարմագրվածները, իրավունք չեն ունենա լուսաբանել այդ արարողությունը:
Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանը, խորհրդարանում լրագրողների համար պայմաններ կստեղծվեն, որպեսզի ցանկացողներն Ազգային ժողովից համալիրում ընթացող արարողությանը հետևեն ինտերնետային հեռարձակման միջոցով:
Փոխարենը, ըստ Բաբայանի, Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ներկա գտնվելու հնարավորություն կունենան 53 առաջատար լրատվամիջոցների ղեկավարները:
Բաբայան. - Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք չունեն։ Նրանք լուսաբանում են հատուկ առանձնացված սրահներում։ Նույն սկզբունքով տեղի կունենա հատուկ նիստի լուսաբանումը, բայց Ազգային ժողովի շենքում նախատեսված հատուկ սրահում. ուղիղ եթերի և ձայնագրման հնարավորության միջոցով հավատարմագրված լրագրողները կկարողանան լուսաբանել։ Մի բացառիկ առանձնահատկություն նախկին բոլոր նիստերից, որ այս անգամ շուրջ 53 առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ հնարավորություն կունենան հատուկ հրավիրատոմսերով անմիջապես մասնակցություն ունենալ հատուկ նիստին, և հաշվի առնելով, որ մեր առաջատար լրատվամիջոցների ղեկավարները բարձրագույն պրոֆեսիոնալներ են, ուստի այս առումով ստեղծվել են լուսաբանման լրացուցիչ պայմաններ։
«Ազատություն». - Լրատվամիջոցների ղեկավարները տեղից կարո՞ղ են լուսաբանել այդ ամենը։
Բաբայան. - Լրատվամիջոցների ղեկավարներն իհարկե իրենց մասնագիտական գործունեությունը կարող են հանգիստ իրականացնել։
«Ազատություն». - Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Ազգային ժողովի սրահից հետևել, թե ինչ է տեղի ունենում համալիրում, դրա նպատակահարմարությունը ո՞րն է, պարոն Բաբայան։
Բաբայան. - Դա լրացուցիչ պայման է, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են ձայնագրել, լրագրողները, ովքեր ինտերնետի կարիք ունեն, լրագրողները, ովքեր Ազգային ժողովի մնացած բոլոր հնարավորություններից օգտվելու կարիք ունեն, կարող են հանգիստ գալ Ազգային ժողով։
«Հայաստանը գնում է ադրբեջանացման ճանապարհով»
Ընդդիմադիր քաղաքական ուժերը խիստ բացասական են գնահատում այս որոշումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, սա ևս մեկ վկայություն է, այն բանի, որ Հայաստանը գնում է ադրբեջանացման ճանապարհով:
«Լրագրողների աշխատանքն անընդհատ սահմանափակվում է։ Էդ միտում է, և ես կարծում եմ, որ իսկապես ազդանշանները մենք պետք է արձանագրենք և գնահատենք։ Երբ որ ասում ենք, որ Սերժ Սարգսյանը ստահոդ ադրբեջանատիպ պետություն է ստեղծում, հենց դա նկատի ունենք», -ասաց Փաշինյանը։
«Իշխանությունները մտավախություն ունեն, որ լրագրողները կարող են տոնը փչացնել»
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ և՛ս այս և նախորդ բոլոր սահմանափակումները ցույց են տալիս, որ Հայաստանը ժողովրդավարական սկզբունքներից շատ արագ հեռանում է:
Մարտիրոսյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ «եկել ես մեր տոնը փչացնես, որ ի՞նչ անես»:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ, այժմ իշխանությունները մտավախություն ունեն, թե լրագրողները՝ ներկա գտնվելով այդ արարողությանը, կարող են իրենց տոնը փչացնել:
«Պետության ընդհանուր տրամաբանությունն է, և եթե մի փոքր հումորով ասեմ, որ տոնը չփչացնեն, երևի թե։ Լրագրողները մեկ էլ տոները փչացրեցին՝ անհարմար հարցեր տվեցին, այնտեղ որոշ մարդկանց դեմքի արտահայտությունները խոշոր օբյեկտիվով ցույց տվեցին։ Երևի թե դա տոնը չփչացնելու հետ է կապված», - ասաց Մարտիրոսյանը։