Նալբանդյան․ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունը
Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը ցայսօր հրաժարվում է կատարել այս հունվարին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը:
Էդվարդ Նալբանդյանը հորդորեց Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ․ - «Վերջին այսպիսի հանդիպումը, որը Կրակովում էր, երբ որ եռանախագահողների առաջարկությամբ մենք համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները, և դրա մասին հայտարարեցին եռանախագահող երկրները և Հայաստանը, և մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվում է ընդհանրապես որևէ հղում կատարել այդ ձեռք բերված պայմանավորվածությանը և հարգել, իրականացնել այդ պայմանավորվածությունը: Ոչ միայն Կրակովում․ դրանից առաջ բազմաթիվ անգամ է դա եղել»:
Հունվարի 18-ին Լեհաստանում՝ Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամադյարովի հանդիպումը, որի արդյունքում, ինչպես նշված էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ:
Հունվարի վերջին լրագրողների հետ հանդիպմանը Նալբանդյանը մանրամասնեց, որ, ըստ պայմանավորվածության, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմը պետք է ավելացվի յոթ հոգով: Հենց այս թիմն է հետևում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը:
«Մեր մայրաքաղաքը՝ Երևանը, որի 2800-ամյակն ենք այս տարի նշում, ասացին, որ Ադրբեջանի պատմական տարածքն է: Կամ Հայաստանի այլ շրջանները․․․ Այն կրեատիվությունն է, որ իրենք մշտապես սպառնում են ուժ կիրառել: Միգուցե իրենք այսպիսի նոր հնարնք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից՝ ամենաբարձր մակարդակով: Ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող սկզբունքներից, հայտնի առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն», - նշեց Նալբանդյանը: