Խոսրովի անտառի հրդեհի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ կարճվել է Խոսրովի անտառի հրդեհի փաստով հարուցված քրեական գործը։
Շուրջ 5 ամիս ձգված նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը եզրահանգել է՝ օգոստոսի 12-ին Խոսրովի արգելոցի «Զիմնի» կոչվող տարածքում սկսված հրդեհը ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից, որի պատճառն էլ դարձել է օդի բարձր ջերմաստիճանն ու տեղումների բացակայությունը։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։
Մինչդեռ, հիշեցնենք, ավելի վաղ, երբ հրդեհի վերքը դեռ թարմ էր, իսկ պատասխանատուները զբաղված էին վարկածներ քննարկելով, բոլորը չէին բացառում դրանում մարդկային գործոնի առկայությունը։ Բնապահպանության նախարարը ոչ մեկ անգամ էր շեշտել, որ հրդեհը կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետևանք, բայց ո՛չ բնական երևույթի արդյունք։
Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրավապահ մարմինների տրված գնահատականը կասկածի տակ չի դնում․ - «Ես համոզված եմ մեր իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործողության վրա: Հետևաբար իմ իրավասություններից դուրս է իրավապահ մարմինների նման գործողությունը քննարկման առարկա դարձնելը»:
Հիշեցնեն՝ հրդեհը մարվելուց մեկ օր անց Բնապահպանության նախարարությունը հաղորդել էր՝ որ արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառ: Այն ժամանակ նախարար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հայկական կողմի խնդրանքով Միացյալ Նահանգները տրամադրել է արբանյակից օգոստոսի 13-ին արված լուսանկարը, որը իրենք փոխանցել են քննչական մարմին:
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, արբանյակից ստացված տվայլների ուսումնասիրությամբ ու տեղանքի զննությամբ բացառվել է այն վարկածը, որ հրդեհը կարող էր բռնկված լինել խոտհնձիչի պատճառով։
Կոմիտեից հայտնում են՝ խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, հետևաբար խոտհնձիչների շահագործումից և բաց կրակից հրդեհի առաջացման պատճառները կարելի է բացառել: