Սերժ Սարգսյանը կվարվի այնպես, ինչպես Չերչիլն ու Շարլ դը Գոլը. Շարմազանով
Անկախ այն բանից, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014-ին հայտարարել է, թե չի լինելու վարչապետ, Սարգսյանը պետական գործիչ է և առաջնորդվելու է ոչ թե իր ցանկություններով, այլ պետության շահով, այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ վարչապետ ու նաև նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում և այլ իրողությունների պայմաններում։
Շարմազանով. - Ի տարբերություն որոշ գործիչների, Սերժ Սարգսյանը պետական գործիչ է, իսկ պետական գործիչն առաջնորդվում է ոչ թե իր անձնական հավակնություններով, այլ պետության շահի գերակայությամբ։ Պետության շահն ինչպես պահանջի, այնպես էլ մենք կվարվենք։
«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ասել է, որ չի ուզում լինել վարչապետ։ Պետության շահը, եթե ստիպի, նա կլինի՞։
Շարմազանով. - Բա ասեցի, պետական գործիչը նրանով է տարբերվում քաղաքական գործչից և սովորական գործչից, որ ինքն առաջնորդվում է ոչ թե իր հավակնություններով, իր ցանկություններով այլ պետության շահի գերակայությամբ։
«Ազատություն». - Եթե դուք որոշեք, Սերժ Սարգսյանը պետք է իր այդ ցանկությունը և իր որոշումը՝ չլիներ վարչապետ, մի կողմ դնի՞։
Շարմազանով. - Մենք անջատված չենք, մենք Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ինքը մեր անփոխարինելի ղեկավարն է, ժամանակը կգա, միասին կքննարկենք, ոնց պետության շահը պահանջի, այդպես էլ կանենք։
«Ազատություն». - Անկախ նախկինում նրա արած հայտարարությունների՞ց։
Շարմազանով. - Այո՛, ի՞նչ խնդիր կա, որովհետև յուրաքանչյուր հայտարարություն արվում է տարբեր ժամանակահատվածներում՝ տարբեր իրողություններից ելնելով։
Ի դեպ, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, բայց հետո փոխի իր դիրքորոշումը, Հանրապետականի խոսնակը, իբրև պատմաբան, հիշեցնում է Չերչիլին և Շառլ դե Գոլին:
Շարմազանով. - Չերչիլից մինև Շարլ դե Գոլ արել են մի հայտարարություն և տարիներ անց իրականցրել են քայլեր, որոնք հակասել են այդ հայտարարությանը, բայց բխել են իրենց ազգի ու պետության շահերից։
«Ազատություն». - Նույն կերպ վարվելո՞ւ է Սերժ Սարգսյանը։
Շարմազանով. - Մենք բոլորս վարվելու ենք այնպես, ինչպես պահանջի պետության շահը։