Պուտինն այսօր կտա իր գնահատականը ԱՄՆ-ի հրապարակած «Կրեմլի ցանկին»
Ռուսաստանի նախագահ, մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն այսօր իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է, թե երեկոյան կտա իր գնահատականը «Կրեմլի ցանկ» անվամբ հայտնի զեկույցին: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով .
«Դե ֆակտո «Կրեմլի ցանկում» ներառված բոլոր մարդիկ հռչակվել են ԱՄՆ-ի թշնամիներ: Եթե այդ փաստաթղթի վերնագիրը կարդաք, այնետեղ հենց այդպես էլ գրված է»: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը, հիշեցնենք, հրապարակել է այն ռուսաստանցիների ցուցակը, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան ապագա պատժամիջոցների պոտենցիալ թիրախներ են: Որպես «Կրեմլի ցանկ» հայտնի զեկույցը ներառում է 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ, որոնք կարողություն կամ ազդեցություն են ձեռք բերել Պուտինի հետ առնչությունների միջոցով:
Ցանկում, որն անվանում են նաև «Պուտինի ցուցակ», ընդգրկված են Ռուսաստանի նախագահի 43 օգնականներ, այդ թվում՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կառավարության 31 անդամներ, ներառյալ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Պեսկովն այսօր ասել է նաև, թե պետք չէ տրվել էմոցիաների, և անհրաժեշտ է վերլուծել այդ զեկույցը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղարը կարծիք է հայտնել, թե ցանկի հրապարակումը կարող է վնաս հասցնել թե՛ երկրի ղեկավարությանը, թե՛ գործարաներին։ «Կրեմլի ցանկին» արձագանքել է նաև Մոսկվայի քաղաքապետը։ «Ցուցակում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ողջ էլիտան է, և զարանալի կլիներ, եթե այնտեղ չլիներ իմ ազգանունը»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը, հավելելով՝ ցուցակն աննախադեպ է և իրականում, հակառակ ամերիկացիների նպատակների, «միավորելու է ռուսական էլիտային»։
Ռուսաստանցի փորձագտների համար տարօրինակ էր, որ աղմկահարույց այդ փաստաթղթում չեն ներառվել ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի, Պուտինի մտերիմ թիմակից համարվող՝ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի և «Ռոսնանո» պետական ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսի անունները։
«Թվիթերում» արձագանքելով ԱՄՆ-ի հրապարակած զեկույցին, Կուդրինը գրել է, թե դրան պետք է հանգիստ վերաբերվել, և պետք չէ այդ ցանկի պատճառով խզել հարաբերությունները: «Հակառակը՝ պետք է միջոցներ ձեռնարկել այս փուլը հաղթահարելու համար»,- գրել է Կուդրինը։
Այսօր ավելի ուշ սպասվում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքը։ Ռուսաստանցի վերլուծաբաններին հատկապես զարմացրել է այն, որ ցուցակում ներառվել է նաև Լավրովի անունը, քանի որ աննախադեպ է հանգամանքը, երբ հնարավոր պատժամիջոցներ նախատեսող ցուցակում հայտնվում է տվյալ երկրի թիվ մեկ դիվանագետը։
Քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Էգերը «Դոժդ» հեռուստընկերության եթերում նշել է․ «Նույնիսկ Վենեսուելայի և Բելառուսի դեպքում արտգործնախարաները չեն ներառվել սանկցիոն ցուցկներում: Լավրովի անունն այս ցուցակում ընդգրկելը շատ խոսուն ապտակ է թե՛ Կրմելին, թե՛ արտգործնախարարությանը: Սա ավելի քան լուրջ է, և նշանակում է, որ ամերիկացիներն աշխարհին ասում են՝ ահա այս մարդկանց պետք չէ վստահել»։