Հայաստանի և Ղրղըզստանի վարչապետերը կարևորել են եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, Կարեն Կարապետյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հետագա հաջողություններ մաղթել։ Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար:
Վարչապետը նկատել է, որ թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն առկա է դրական դինամիկա և այն զարգացնելու ներուժ: - «Այդ դրական դինամիկան պետք է խթանել, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի գործունեության միջոցով: Անկասկած, թե՛ Հայաստանում, թե՛ Ղրղըզստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք հնարավոր է իրականացնել համատեղ և որոնք երկուստեք փոխշահավետ կարող են լինել»,- ասել է վարչապետը:
Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր հերթին փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։ - «Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք աջակցել երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը»,- ավելացրել է Ղրղըզստանի վարչապետը։
Երկուստեք նշվել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը, այդ շրջանակում համաձայնեցված մեխանիզմների կիրառումը թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները։
Զրուցակիցները կարևորել են նաև տնտեսական զարգացմանը միտված գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակման անհրաժեշտությունը։