ՌԴ-ում Մոլդովայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն
![ՌԴ-ում Մոլդովայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն](https://gdb.rferl.org/89E4A860-2FDC-4752-9C1E-AC7AA81380D3_cx0_cy9_cw77_w800_h450.jpg)
Ռուսաստանի արտաքին գորրծերի նախարարությունը Մոսկվայում Մոլդովայի դեսպան Անդրեյ Նեգուցին հանդիպման է հրավիրել: Պատճառը Մերձդնեստրի տարածքից ռուսական զորքը դուրս բերելուն միտված՝ Քիշնևի նախաձեռնությունն է:
Ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ զորքի դուրսբերումը բացասաբար կանդրադառնա ռուս-մոլդովական համագործակցության և Մերձդնեստրում իրավիճակի կարգավորման վրա:
Ավելի Վաղ Մոլդովան պահանջել էր Մերձդնեստրից ռուսաստանյան զինստորաբաժանումների դուրսբերման հարցը ներառել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգում: Մոլդովացի դիվանագետները պնդում են, որ ռուսական զորքի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Ռուսաստանը մերժել է Մոլդովայի պահանջը: Հունիսին Մոլդովայի խորհրդարանը հայտարարություն էր ընդունել ռուսական զորքի դուրսբերման մասին: Ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը պատգամավորների հայտարարությունը սադրանք էր որակել:
Մերձդնեստրը, որտեղ գերիշխում է ռուսալեզու բնակչությունը, Մոլդովայից միակողմանիորեն անջատվել և անկախություն էր հռչակել 1990 թվականին: Միջազգային հանրությունն, այդուհանդերձ, այդ տարածքը համարում է Մոլդովայի մաս: Ռուսաստանը Մերձդնեստրում իր ռազմական ներկայությունը բացատրում է «խաղաղություն հաստատելու անհրաժեշտությամբ»: