Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է Հայաստանում կյանքի կոչել նոր ծրագրեր
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) պատրաստակամ է շարունակելու Հայաստանի կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին և համագործակցության ընդլայնման հեռանկարներին: