Թուրքիայում ևս 7 հազար մարդ է ձերբակալվել
Թուրքիայում նախօրեին ևս 7 հազար ոստիկան, պաշտոնյա և ուսուցիչ է ձերբակալվել՝ անցած տարվա հեղաշրջման փորձին աջակցելու համար:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, հիշեցնենք, երկրի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ ու սպաներ փորձեցին տապալել նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, բախումների արդյունքում զոհվեց առնվազն 260 մարդ:
Ապստամբության փորձը ճնշելուց հետո գործող վարչակազմը արտակարգ դրություն հայտարարեց՝ ազատազրկելով ավելի քան 50 հազար պետական ծառայողների, այդ թվում՝ զինվորականների, դատավորների ու ուսուցիչների:
Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, թե հեղաշրջման այս փորձի ետևում կանգնած էր Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, և Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել նրան: Գյուլենը հերքում է այս մեղադրանքները՝ խոստանալով վերադառնալ հայրենիք, եթե իր մեղքն ապացուցեն: