Գյուղացիները փակել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ի նշան բողոքի
Վարդենիսի շրջանի մոտ 20 համայնքների բնակիչներ այսօր առավոտից փակել էին Վարդենիս – Մարտակերտ ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել համայնքների խոշորացման այն ծրագիրը, որը ներկայացվել է իրենց և հաշվի առնվի գյուղացիների կարծիքը:
Ցուցարարները պահանջում են իրենց 20-ից ավելի համայնքները միավորել ոչ թե մեկում, կամ երկուսում, այլ ստեղծել 4-5 խոշորացված համայնք, ինչը, նրանց կարծիքով, ավելի արդյունավետ կլինի համայնքների զարգացման տեսանկյունից և բնակիչները չեն տուժի:
«Մենք ուզում ենք, որ մեր գյուղապետարանը մնա, մենք չենք ուզում խոշորացում», - հայտարարում էր ցուցարարներից մեկը:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց. - «Խոշորացման ծրագիրն իրականացնելուն ժողովուրդը դեմ չէ, բայց պահանջը մեկն է՝ որպեսզի փախստականներով վերաբնակեցված էս համայնքները խոշորացնեն, միաձուլեն միասին, որպեսզի իրանց ադաթներով կարողանան իրար հետ միասին ապրել, իսկ հիմա ոնց որ ուզում են անել՝ մի մասը Վարդենիսին միացնել, մի մասը՝ Մասրիկին, դա շատ սխալ որոշում է»։
Նշենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։
Վարդենիսի շրջանի ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները համոզում էին բնակիչներին բացել ճանապարհը: Երկար բանակցություններից և վիճաբանություններից հետո բնակիչները որոշեցին 10 հոգուց բաղկացած փոքր խումբ կազմել, որը մեկնեց Երևան՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման, իսկ մյուսները բացեցին ճանապարհը: Այդուհանդերձ, ցուցարարները նշում էին, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնվի համայնքների խոշորացման ծրագրում, պատրաստ են վաղը ևս փակել միջպետական ճանապարհը, ինչպես նաև փակել ճանապարհից ոչ հեռու անցնող գնացքի գծերը: