Ջիմ Քոստան և Դևիդ Վալադոն ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ են արել հետևել Հռոմի պապի օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ կոնգրեսականներ Ջիմ Քոստան և Դևիդ Վալադոն ողջունել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցը և ընդգծել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր նրա այցելության համաշխարհային նշանակությունը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), կոնգրեսականներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ Հռոմի պապի Հայաստան այցն առկա իրողություններում բարոյահոգեբանական աջակցություն է երկրին, որն առաջինն է ըդնունել քրիստոնեությունը:
Ընդ որում Քոստան և Վալադոն ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ են արել հետևել Հռոմի պապի օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Շատ կարեւոր է, որպեսզի աշխարհի առաջնորդները շարունակեն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 100 տարի առաջ կատարված սարսափելի իրադարձություններին, երբ Օսմանյան Թուրքիայի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրագործվեց», - համոզված է կոնգրեսական Վալադոն:
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն իր հերթին միացել է կոնգրեսականների հայտարարությանը` ԱՄՆ կառավարությանը կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղքականությանը:
«Ամերիկահայերը հանգստյան օրերին ուշադիր հետևելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատմական այցին Հայաստան և ակնկալում են, որ նրա արիությունը կոգեշնչի նաեւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ վերջ տալ սատարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը», - նշվում է կազմակերպության հաղորդագրությունում: