Նաիրա Զոհրաբյան. Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն
Ադրբեջանի նկատմամբ պետք կիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք կիրառվում են ահաբեկչական ռեժիմների նկատմամբ: Այդ մասին ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
ՙԱդրբեջանն ահաբեկչական պետություն է, քանի որ միայն Ալիևի հանցավոր ռեժիմը կարող էր ընդամենը մեկ օր իր զինուժի վերահսկողության տակ գտնված Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, օգտագործելով վարձկանների, խոշտանգել ու սպանել խաղաղ բնակիչներին՝ կտրելով նրանց ականջները: Ակնհայտ է, որ Ալիևը ռեժիմը ձգտում է հակամարտության ռազմական կարգավորման, և նման արկածախնդրության ողջ պատասխանատվությունը Բաքվի վրա է ընկնում՚,- նշել է նա: Ըստ որում, պատգամավորը նշել է, որ իր իշխանությունը պահելու համար Ադրբեջանի նախագահը զինվորներին օգտագործում է՝ որպես թնդանոթի միս: Զոհրաբյանն ավելացրել է նաև, որ Հայաստանը՝ որպես 1994 թ. հրադադարի համաձայնագրի կողմ, ապահովելու է Արցախի բնակչության անվտանգ կյանքի իրավունքը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ հայկական կողմը մշտապես կոչ է արել զսպել Բաքվի ագրեսիան՝ լավ գիտակցելով, թե ինչի կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի սադրանքը: ՙԵրբ Ադրբեջանը սպառնում էր պատերազմ սկսել, միջազգային հանրությունը լռում էր, արձագանք չկար նաև նոր սպառազինության հետ Ալիևի ֆոտոսեսիայի առնչությամբ, լուռ եք նաև այսօր: Խաղաղության կոչերը ոչինչ են, եթե ահաբեկչական պետության դեմ պատժամիջոցներ չկիրառվեն՚,- նշել է նա:
Ըստ որում, Զոհրաբյանն ընդգծել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրախորհրդի հանդեպ իր բոլոր պարտավորությունները: ՙՀետևաբար՝ այդ երկրի նկատմամբ պետք է կիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք կիրառվում են ահաբեկչական ռեժիմների նկատմամբ՚,- ընդգծել է պատգամավորը՝ նշելով, որ Բաքուն չի թաքցնում իր իսկ կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու փաստը: Այս առնչությամբ նա դիմել է այն երկրներին, որոնք ունեն արբանյակային հետախուզության հնարավորություններ՝ ագրեսորին բացահայտելու նպատակով: ՙՔանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է լռել, պատերազմի վերսկսումը ժամերի հարց է՚,- նշել է նա: