Հայ խորհրդարանականը ԵԽԽՎ-ից և միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել ադրբեջանական վայրագությունը ղարաբաղյան հակամարտության գոտում
Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ՄԱԿ-ի Կոնանադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և այլ իրավական նորմերի, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են արգելված զինատեսակներ, որոնք ձեռք են բերել վերջին 20 տարում՝ շրջանցելով միջազգային բոլոր նորմերը: Ֆարմանյանը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, վիրավորվել է ևս երկու երեխա, իսկ Թալիշ գյուղում ադրբեջանցի բարբարոսները խոշտանգել ու սպանել են երեք տարեցների: Պատգամավորն ընդգծել է նաև, որ մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորները գլխատել են երեք հայ զինվորի: ՙԱվելին, ադրբեջանական կողմը սոցցանցերում տարածել է գլխատված հայ զինվորների լուսանկարները: Բացի այդ, ադրբեջանցի զինվորները խոշտանգել են 18 հայ զինվորի մարմինները, որոնք արդեն պատերազմից հետո ԿԽՄԿ աշխատակիցների ներկայությամբ հանձնվել են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՚,- հայտարարել է Ֆարմանյանը՝ կրկին հիշեցնելով, որ այդ գործողություններով Բաքուն խախտել է բազմաթիվ միջազգային իրավական նորմեր: Եվ դրա համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի, ասել է հայ խորհրդարանականը՝ ԵԽԽՎ-ին կոչ անելով դատապարտել ադրբեջանական վայրագությունները:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Բաքվի կողմից մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի նորմերի, միջազգային մարդասիրական իրավունքի և ընդհանուր առմամբ միջազգային իրավունքի հետագա կոպիտ խախտումները: